Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են քիմիկոթունաբանական և դատաքիմիական փորձաքննություններին առնչվող գիտագործնական սեմինարին
ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի քիմիական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետները նոյեմբերի 28-29-ը առցանց ձևաչափով մասնակցել են Ռուսաստանի քիմիկոթունաբանական և դատաքիմիական հետազոտությունների մասնագետների ասոցիացիայի կազմակերպած «Դատական փորձաքննությունների ժամանակակից գործիքային մեթոդների կրառումը քիմիկոթունաբանական և դատաքիմիական փորձաքննություններում» թեմայով գիտագործնական սեմինարին:
Միջոցառմանը մասնակցում էին դատաքիմիական և քիմիկոթունաբանական բնագավառների առաջատար փորձագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Մոլդովայից, Բելառուսից, Ղազախստանից և այլ երկրներից: Գիտագործնական սեմինարի շրջանակներում արդյունավետ քննարկումներ են ծավալվել կենսաբանական, նյութագիտական և թունաբանական հետազոտությունների առկա հիմնախնդիրների, նյութատեխնիկական ապահովման, հոգեներգործուն կամ հոգեակտիվ նոր նյութերի դեմ հակազդեցության, սնկային թունավորումների, ընտանի կենդանիների թունավորումների, փորձագիտական պրակտիկայում մկնդեղի հայտնաբերման դեպքերի, ալկոհոլային խմիչքների փորձաքննությունների արդյունքում դրանց իսկության հաստատման, թունաբանական անվտանգության, դատաքիմիական և քիմիկոթունաբանական բնագավառներում նորագույն սարքավորումային համալիրների գործարկման, նոր մեթոդների մշակման և ներդրման, դրանց արդյունավետ կիրառման և այլ հարցերի առնչությամբ:
Սեմինարին զեկույցով է հանդես եկել նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի քիմիական փորձաքննությունների բաժանմունքի պետ Նելլի Կիրակոսյանը՝ ներկայացնելով ժամանակակից գազքրոմատոգրաֆիկ սարքերի զգայունության և էֆեկտիվության գնահատումը, ինչպես նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյում ներդրված և արդյունավետորեն կիրառվող հետազոտական հնարավորությունները:
Նելլի Կիրակոսյանն արտերկրի գործընկերների հետ կիսվել է Բյուրոյում ներդրված ժամանակակից գերզգայուն անալիտիկ սարքավորումներով հետազոտություններ իրականացնելու փորձով՝ ընդգծելով դատաքիմիական և քիմիկոթունաբանական փորձաքննություններում բարձր զգայունություն ունեցող սարքավորումների՝ գազային և հեղուկային քրոմատոգրաֆիական մեթոդների կիրառման առանձնահատկություններն ու գերակայությունները:
Մասնավորապես ժամանակակից գերզգայուն անալիտիկ սարքավորումների, այդ թվում՝ եռակի քառաբևեռ մասսպեկտրաչափով համակցված հեղուկային քրոմատոգրաֆի կիրառմամբ իրականացվող քիմիկոթունաբանական հետազոտությունները հնարավորություն են տալիս հետազոտելի կենսաբանական բոլոր տեսակի նմուշներում սեղմ ժամկետներում և բարձր ճշգրտությամբ իրականացնել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դեղամիջոցների, թունավոր, խիստ ներգործող նյութերի հայտնաբերմանն ուղղված գերզգայուն հետազոտություններ (նանոգրամների և պիկոգրամների ճշգրտությամբ):
Իսկ հետազոտությունների համար Բյուրոյում մշակված և ներդրված նմուշապատրաստման և հետազոտման օպտիմալացված էֆեկտիվ մեթոդները բացառում են հետազոտելի նմուշների աղտոտման և սխալանքի բերող որևէ մարդածին կամ այլ գործոնների հավանական ազդեցությունը:
Նշենք, որ Փորձաքննությունների ազգային բյուրոն մշտապես զարգացնում է հետազոտական գործընթացում կիրառվող սարք-սարքավորումների և ծրագրային ապահովումների միջոցով ստացվող արդյունքների ճշգրտության և ստույգության վերլուծության կարողությունները՝ ապահովելով նշանակվող դատաքիմիական (քիմիկոթունաբանական) և նյութագիտական փորձաքննությունների իրականացման ժամկետների կրճատումն ու հավաստի արդյունքների ստացումը:
06 December 2024